×


Արամ MP3-ի նոր տեսահոլովակի շնորհանդեսին

Արամ MP3-ի նոր տեսահոլովակի շնորհանդեսն ու երկրպագուների խելահեղ պարը «Երևան մոլ»-ում

Երբ ականջակալներով հնչում է սիրելի երաժշտությունը, թվում է՝ շուրջբոլորը լսում են այն ու պարում նույն հնչյունների ներքո: Այս մասին է պատմում Արամ MP3-ի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Վեր ու վար» երգի հիման վրա: Նոր, ուրախ ու պարային հոլովակի շնորհանդեսը երեկ էր «Երևան Մոլ»-ում, որտեղ հավաքված երաժշտասերներն ավելի քան մեկ ժամ վեր ու վար արեցին Արամի երգերի ներքո:

Միջոցառման սկզբում երգիչը հանդես եկավ իր հայտնի ու սիրված կատարումներից մի քանիսով, այնուհետև մեծ էկրանին ցուցադրվեց նոր տեսահոլովակը, որը, ինչպես պարզվեց, նկարահանվել է Ենոքավան գյուղում: Ի դեպ, հոլովակի հերոսներն էլ տեղի գյուղացիներն են, ովքեր սիրով համաձայնել են նկարահանվել և կատարել ռեժիսորի բոլոր ցուցումները: Նշենք, որ երգի երաժշտության հեղինակն Արամ MP3-ն է, գործիքավորումը կատարել է Lazzaro-ն, խոսքերը գրել են Ավետ Բարսեղյանն ու Ֆելիքս Խաչատրյանը, որոնց Արամը ներկայացնում է որպես Ֆելիքս Բարսեղյան, իսկ տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է:

Արամ MP3-ի նոր տեսահոլովակի շնորհանդեսին


«Նկարահանումներից մի քանի օր առաջ ռեժիսորը տեխնիկական անձնակազմի հետ գնացել էր Ենոքավան, խոսել էր գյուղի ժողովրդի հետ, մարդիկ էլ շատ ուրախ ասել էին՝ իհարկե, կխաղանք: Ու նրանք այդպես սրտաբաց հյուրընկալեցին մեզ: Ի դեպ, մի տեսարանում Արամայիսն էլ է խաղացել, քանի որ ձկնորսը չկարողացավ անել այն, ինչ սպասվում էր իրենից: Դե, հիմա ամեն մարդ չի կարող Մայիսի նման շարժվել, թեև նա այնպես է նկարել, որ չիմանանք` դա ինքն է: Բայց ես ասեմ, որ ձկնորսն ինքն է :)»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց Արամը:

Մեր դիտարկմանը, որ վերջին շրջանում իր բոլոր երգերն ուրախ ու պարային են, Արամը նկատեց, որ ինքն է այդպիսին. «Ես, կարելի է ասել, տխուր երգ չունեմ: Հուսով եմ, որ «Վեր ու վար»-ն էլ կդառնա ամառվա պարային հիթերից մեկը և  բարձր տրամադրություն կպարգևի բոլորին, քանի որ երաժշտությունն ամբողջությամբ ուրախ ռիթմերով է»:

Արամը նաև պատմեց, որ նկարահաման ընթացքում քիչ չեն եղել զվարճալի դեպքերը, քանի տեսահոլովակն էլ մեծ մասամբ հումորային է. «Իհարկե, շատ ենք ծիծաղել նկարահանման ընթացքում թե՛ դերասանների, թե՛ գյուղացիների խաղի վրա: Բայց ամենածիծաղաշարժն ինձ համար այն էր, որ Արամայիսը, չգիտես ինչու, որոշել էր սար գալ կիսատաբատով, և արդյունքում նա գրեթե 3-րդ կարգի այրվածք էր ստացել ու չէր կարողանում քնել: Ոտքերը վեր պարզած է հասել Երևան, քանի որ ամբողջությամբ կարմրել էին, մի քանի օր էլ 41 աստիճան ջերմություն ուներ: Բնականաբար դա նրա համար այնքան էլ ծիծաղաշարժ չէր, որքան իմ (ծիծաղում է,- հեղ.): Այնպես որ, դեռ շարունակվում է լավության տակից դուրս գալու գործընթացը»,- կատակեց երգիչը:

Արամ MP3-ի նոր տեսահոլովակի շնորհանդեսին


Հիշեցնենք, որ սա Արամ MP3-ի և «Երևան Մոլ»-ի առաջին համագործակցությունը չէ: Նրա նախորդ տեսահոլովակի շնորհանդես էլ տեղի էր ունեցել «Երևան Մոլ»-ում, որտեղ հաճախ են նման միջոցառումներ կազմակերպվում: Արամն ասում է՝ այստեղ պրոֆեսիոնալ մարդիկ են աշխատում, և իրենց համագործակցության արդյունքը գոհացնում է թե՛ իրեն, թե՛ մոլի անձնակազմին: «Երևան Մոլ»-ի միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանն էլ ընդգծեց, որ Արամի հետ շատ հեշտ ու հաճելի է աշխատելը, քանի որ միշտ հանդես է գալիս նոր ու հետաքրքիր գաղափարներով.

«Արամը շատ սիրված արտիստ է, այդ իսկ պատճառով օրվա որ ժամին ու տարվա որ եղանակին էլ կազմակերպենք համերգը, այստեղ միշտ մարդաշատ է լինելու, ինչպես այսօր: Անգամ խոստացել էինք, որ նախորդ օրվա փորձերին ներկա լինելու հնարավորություն կտանք ամենաակտիվ երկրպագուներին: Այս անգամ կողմնորոշվեցինք զանգերով և նրանցից երեքին թույլ տվեցինք մասնակցել փորձերին: Նրանք մեծ հաճույքով եկան, լսեցին, պարեցին, լուսանկարվեցին Արամի հետ և ուղիղ եթերում կիսվեցին իրենց տպավորություններով: Գիտեք, Արամն այն արտիստներից է, որ եթե ցանկանա տարվա մեջ տասը համերգ ունենալ, մենք պատրաստ ենք տասի դեպքում էլ աշխատել իր հետ»,- նշեց Ինգա Մուրադյանը:

Արամ MP3-ի նոր տեսահոլովակի շնորհանդեսին


Համերգային երեկոն ավարտվեց ներկաների հետ սելֆիով, որը նախորդ շնորհանդեսից հետո կարծես ավանդույթ է դարձել: Իհարկե, բեմից իջնելուն պես երկրպագուները շրջապատեցին Արամ MP3-ին՝ ցանկանալով նաև անհատական լուսանկար ունենալ նրա հետ: Մինչ շատերը նրան երկար ժամանակ բաց չէին թողնում, մեծ էկրանին ևս մեկ անգամ ցուցադրվեց նոր տեսահոլովակը, որի ժամանակ ներկաներից ոմանք բարձրացան բեմ և հենց այնտեղ շարունակեցին իրենց պարը: Եթե արդեն հասցրել եք դիտել տեսահոլովակն ու լսել նոր երգը, ապա կարող եք ձեր տպավորություններով կիսվել մեկնաբանությունների հատվածում :)

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին